«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ներողություն է խնդրել Սարգսյանից՝ «բացառիկ» հարցազրույցի համար

23.09.2009, 16:48
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ներողություն է խնդրել Սարգսյանից՝ «բացառիկ» հարցազրույցի համար

«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը չորեքշաբթի իր կայքում ներողություն է խնդրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից մի հոդվածի համար, որը ներկայացվել է որպես հրատարակությանը տված «բացառիկ» հարցազրույց, որը Սարգսյանն իրակաանում չի տվել:

Երկուշաբթի «Մոսկովսկի կոմսոմոլեցում» հրապարակվել էր մի հոդված, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 18-ամյակին: Հոդվածը ներկայացվել էր որպես «ՀՀ նախագահի բացառիկ հարցազրույց»: Սակայն երեքշաբթի Սարգսյանի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտարարել է, որ ՀՀ նախագահը որևէ հարցազրույց «ՄԿ»-ին չի տվել:

Նա նշել է, որ նյութի հեղինակը տասնյակ այլ հյուրերի հետ միասին ներկա է եղել ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած ընդունելությանը, որ կազմակերպվել էր սեպտեմբերի 9-15-ը Հայաստանում ռուսական խոսքի օրերի շրջանակներում: Հանդիպման ժամանակ «հարցազրույցի» մեջ նշված հարցերը չեն հնչել, իսկ «ՄԿ»-ի նյութում ներկայացված Սարգսյանի խոսքերն ամբողջովին խեղաթյուրված են և մեջբերված են լրագրողական էթիկայի տարրական կանոնների կոպիտ խախտումներով:

«Իրականում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց չի տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին: Հերթապահ խմբագրի մեղքով հրապարակվել է մի հոդված, որը տպագրման պատրաստ չի եղել», - նշվում է ներողության մեջ, որը հրապարակվել է հրատարակության պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տեղեկատվության մեջ նշվում է, որ սխալի հետևանքով «հոդվածում օգտագործվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտությունների սխալ մեկնաբանված հատվածներ՝ ենթադրական հարցերով, որոնք ՀՀ նախագահին չեն հասցեագրվել»:

««ՄԿ»-ի խմբագրությունը ներողություն է խնդրում: Մեղավորները պատժվել են», - ընդգծվում է տեղեկատվության մեջ:

«ՄԿ»-ն ևս մեկ անգամ շնորհավորում է նախագահին և ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Հուսով ենք, որ մեր տհաճ սխալը չի փչացնի որևի մեկի տոնը», - ասվում է ներողության մեջ:-0-