Հարավային Կովկասի երկրների և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը կներկայացվի նոյեմբերին

23.09.2009, 16:39
Հարավային Կովկասի երկրների և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը կներկայացվի նոյեմբերին

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի երկրների և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը կներկայացվի 2009 թ.-ի նոյեմբերին, տեղեկացրել է ԵՀ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վիգանդը Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Երևանում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստի արդյունքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման և ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են և Հայաստանը շահագրգռված է առավել զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ԵՄ հետ:

Կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ համագործակցության այս նոր ձևաչափը զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին:

 

Էդվարդ Նալբանդյանը նաև բարձր է գնահատել ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ այդ նախագիծը կնպաստի բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:-0-