Երևանի քաղաքապետարանը քայլ առ քայլ կիրականացնի մայրաքաղաքի զարգացման ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը քայլ առ քայլ կիրականացնի մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, և տվյալ գործընթացում շատ կարևոր է համակարգված և միաբան աշխատանքը, նախօրեին խորհրդակցության ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
«Երևանի զարգացմանը միտված յուրաքանչյուր առաջարկ ենթակա է քննարկման. ներկայացրեք և գործնականում կիրառեք նոր գաղափարներ, որոնք կնպաստեն մեր քաղաքի զարգացմանը»,- ասել է Բեգլարյանը, նշվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նախկին հանձնարարականների կատարողականը, իսկ անելիքների վերաբերյալ տրվել են նոր ցուցումներ:
Կատարված աշխատանքների թվում տեղեկացվել է, որ արագ թափով ու մեծ ընդգրկումով բարեկարգվում է Երիտասարդության (Օղակաձև) զբոսայգին: Այգու առաջին և երկրորդ հատվածներում շինաշխատանքները գրեթե ավարտվել են, երրորդ, չորրորդ և հինգերորդ հատվածներում դրանք ընթացքի մեջ են, իսկ վերջինը` յոթերորդը, կբարեկարգվի մոտ ապագայում:
Քաղաքապետին զեկուցվել է, որ չորրորդ աստիճանի վթարայնության շենքերում ապրող 44 ընտանիք շուտով բնակարանամուտ կտոնի:
Երևանի փոքր կենտրոնում հաշվառվել են առևտրի և սպասարկման օբյեկտները. առաջիկայում դրանց սեփականատերերի հետ կքննարկվեն մայրաքաղաքում պատշաճ ծառայություններ մատուցելու եղանակները:
Հաղորդագրության համաձայն, առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն մայրաքաղաքում փողոցային առևտուրը վերացնելու նպատակով, սակայն դա, ըստ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, կկրի ոչ թե համատարած պայքարի բնույթ, այլ կկազմակերպվի փուլ առ փուլ. այնպես, որ կատարված աշխատանքը չկրի տևական բնույթ, իսկ արդյունքները լինեն շոշափելի և սոցիալական բարդ հետևանքներ չթողնեն: -0-