Հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունները Հայաստանի նկատմամբ շրջափակման քաղաքականության շարունակությունն են, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
«Որքան էլ թուրքական կողմը ջանա բարիդրացիական հարաբերությունների իմիտացիա ստեղծել, նա շարունակում է թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։
Ըստ նրա, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը միջազգային պրակտիկայում ոչ մի կերպ չի փոխկապակցվում սահմանների բացման հետ և նշանակում է հաղորդակցման ուղիների բացում, միմյանց պետականության ճանաչում։
Պատգամավորի կարծիքով, եթե Թուրքիան իրականում շահագրգռված լիներ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, այդ հարցը չէր կապի սահմանների փոխադարձ ճանաչման և այլ պայմանների հետ։
«Արձանագրությունների ստորագրումից հետո կհետևեն նորանոր պայմաններ, գլխավորապես՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդիր հետ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:
Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-