Հայաստանում առաջին անգամ կնշվի Քաղաքացիական հասարակության օրը

18.09.2009, 12:59
Հայաստանում առաջին անգամ կնշվի Քաղաքացիական հասարակության օրը
Հայաստանում առաջին անգամ կնշվի Քաղաքացիական հասարակության օրը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին Երևանի Սիրահարների այգում առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարություն, տեղեկացրեցին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից, որը միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է:

«Առաջին անգամ Հայաստանում տեղական կազմակերպությունները միավորվում են` տոնելու Քաղաքացիական հասարակության օրը` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպաստելով հայաստանյան հասարակության շրջանում քաղաքացիական հասարակության գաղափարի տարածմանը և զարգացմանը», - նշվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ:

Միջոցառումը նաև հնարավորություն է հասարակության տարբեր խմբերի համար միավորվելու ու համագործակցության նոր եզրեր գտնելու` ի նպաստ Հայաստանում քաղաքացիական ինստիտուտների զարգացման:

Միջոցառման շրջանակներում կանցկացվի «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդես, համերգային ծրագիր և լավագույն լուսանկարների համար հանդիսավոր մրցանակաբաշխություն:

Հիմնադրամից նաև տեղեկացրեցին, որ Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարությանը կմասնակցեն շուրջ 1000 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ներառյալ պետական և միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և անհատներ:

Միջոցառումն անցկացվում է մի շարք կազմակերպությունների, մասնավորապես, Կոդակ ֆոտո ծառայության, Օֆիս Պրոյի, Ռադիո Հայի, Սիթի FM-ի, Photo.am-ի, 35mm.am-ի, ինչպես նաև անհատ քաղաքացիների աջակցությամբ:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը զբաղվում է Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացների զարգացմամբ, մասնավորապես, ոչ առևտրային, ոչ կառավարական կազմակերպություններին կազմակերպչական և ինստիտուցիոնալ աջակցություն ցուցաբերելով, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին իրագործել սեփական հասարակական ակտիվությունը:-0-