Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում կմաքրի եթերն ու շեշտը կդնի հայկական ֆիլմերի վրա

16.09.2009, 13:49
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում կմաքրի եթերն ու շեշտը կդնի հայկական ֆիլմերի վրա

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջանում կմաքրի եթերն ու շեշտը կդնի հայկական ֆիլմերի և սերիալների վրա, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՀՀՌԸԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը:

Նա հիշեցրել է, որ 2008 թ.-ի սեպտեմբերից ՀՀՀ-ն ղեկավարվում էր նոր տիպի հեռուստատեսության անցնելու նոր քաղաքականությամբ:

«Եթե մինչ այդ մենք այնքան էլ չէինք տարբերվում մասնավոր հեռուստաալիքների ոլորտում գործող ալիքներից և խնդիր էինք դնում ամեն գնով զբաղեցնել առաջին տեղը, ապա այժմ երկու տարվա ընթացքում մենք ծրագրում ենք եթերից բացառել «աղբը» ՝պահպանելով առաջատար դիրքերն ու շեշտը դնելով արտադրանքի որակի վրա», - ասել է Հարությունյանը:

Նա նշել է, որ նոր եթերաշրջանում ալիքը հրաժարվել է լատինաամերիկյան սերիալներից, և ծրագրվում է հրաժարվել նաև էժանագին հայկական սերիալներից:

Նրա խոսքերով՝ նոր եթերաշրջանում հեռուստադիտողին կներկայացվեն նոր գեղարվեստական ֆիլմեր և 5-25 սերիայից բաղկացած մինի-սերիալներ:

Նախատեսված են նաև հանրային բնույթի մի շարք հեռուստահաղորդումներ, որոնք անդրադառնալու են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են պատմությունը, մշակույթը, առողջապահությունը, հաղորդումներ երիտասարդների և ընտանիքի համար: Ծրագրվում է նաև անցկացնել բանավիճային հաղորդումներ:

«Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա շուտով հեռուստաէկրաններին կհայտնվի «Սպանված աղավնի» ֆիլմը, որն արդեն սահմանել է բոլոր ռեկորդները: Սեպտեմբերի 28-ից եթեր դուրս կգա Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործության հիման վրա նկարահանված 20-սերիանոց ֆիլմը», - ասել է Հարությունյանը:

Աշխատանքներ են գնում նաև Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» ստեղծագործության հիման վրա նկարահանվող ֆիլմի վրա, որը ֆինանսավորում է հայ ձեռներեց Հրանտ Վարդանյանը:

Ֆիլմի նկարահանումները ծրագրվում է սկսել մոտ ժամանակներս և ավարտել մինչ տարեվերջ ինչպես կինոյի, այնպես էլ հեռուստատարբերակի պարագայում:

Ծրագրվում է նաև ցուցադրել մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնցից առաջինը ՝ «Կիլիկյան թագավորության ֆենոմենը», կցուցադրվի սեպտեմբերի 21-ին: Ֆիլմը բաղկացած է հինգ 30-րոպեանոց մասերից և նկարահանվել է պատմական Կիլիկիայի տարածքում:

Նա նաև տեղեկացրել է, որ նկարահանվում են նաև այլ վավերագրական ֆիլմեր, մասնավորապես, ավարտվում են «Արամ Մանուկյան» ֆիլմի աշխատանքները, որը ծրագրվում է եթեր հանել աշնանը, նկարահանվում է նաև Հայաստանի նորագույն պատմության մասին պատմող ֆիլմերի շարք, որը կանդրադառնա Հայաստանին վերաբերող 20-րդ դարի պատմական կարևորագույն իրադարձություններին, ինչպես նաև ծրագրվում է ցուցադրել Արևմտյան Հայաստանի մասին պատմող Ժիրայր Դադասյանի ֆիլմը, նաև Սամվել Կարապետյանի «Ջուղայի խաչքարերը» ֆիլմը:

«Սկսած սեպտեմբերի վերջից ՀՀՀ-ն ամեն օր կցուցադրի Ազգային կինոկենտրոնի ֆիլմերի, այդ թվում նաև մուլտֆիլմեի պրեմիերաներ», - ասել է Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ երեխաների համար կցուցադրվեն Ռոբերտ Սահակյանցի նոր մուլտֆիլմերը, Երվանդ Մանարյանի «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը, ինչպես նաև այլ մուլտիպլիկատորների աշխատանքներ:

Բացի այդ, կշարունակվի ցուցադրվել «Գժուկ» հեռուստահաղորդումը:

«Մենք մտադիր ենք շեշտը դնել կենցաղային սերիալների վրա, որոնք չեն պարունակի ոչ քրեական տարրեր, ոչ ժարգոն, այլ հիմնված կլինեն կենցաղային պատմությունների և լավ դրամատուրգիայի վրա», - ասել է Հարությունյանը:-0-