ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը անդրադարձան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը և առաջնայնություններին առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջև ծավալված համագործակցությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Դեսպան Նազարյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ու հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի կապակցությամբ ու կարևորեց 2010-2015թթ. ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի (UNDP) մշակման գործընթացում ՀՀ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն իր հերթին նշեց, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակն իր գործունեությունը ծավալելիս կառաջնորդվի հօգուտ Հազարամյակի զարգացման նպատակների և Հայաստանի համար առաջնայնություն հանդիասացող հիմնախնդիրներով:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:-0-