Վրաստանը ոտնձգություն է կատարում Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական հուշարձանների նկատմամբ. փորձագետ
Վրացական կողմը հավակնություններ է ներկայացնում Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող զուտ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ, ասաց Հայկական ճարտարապետության ուսումնասիրության կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը:
«Վրաստանի նկրտումները հայկական պատմական հուշարձանների նկատմամբ դրսևորվել են դեռևս խորհրդային ժամանակահատվածի սկզբնական փուլում, այդ պատճառով էլ նրա այսօրվա դիրքորոշումը նորություն չէ»,- Կարապետյանն ասաց հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
Օրերս 80 մարդուց բաղկացած վրացի արվեստի գործիչների-ուխտագնացների խումբը ուղևորվել է պատմական հայկական Տայք շրջանը վրացական «Երաժշտության մեջ կենդանացած խոսք» փառատոնի շրջանակներում: Ուխտագնացությունն անցկացվում է մի քանի փուլով Վրաստանի գրողների միության ու Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Նախնական փուլում ուխտագնացները կծանոթանան Հայաստանի պատմական հուշարձաններին, այդ թվում Օշկի վանքին և Իշխան գյուղին: Ինչպես հայտարարում են հայ փորձագետները, երկար ժամանակ այդ հայկական պատմական հուշարձանները վրացական կողմը հայտարարում է վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտներ և ցանկանում է ամեն գնով սեփականաշնորհել:
Տվյալ փաստի շուրջ մտահոգություն հայտնելով՝ Կարապետյանը ափսոսանքով փաստեց, որ Վրաստանում մշակույթի գործիչները շատ ավելի ակտիվ են, քան Հայաստանում, և այս առումով վրացական կողմը շատ ավելի նախաձեռնող է, քան հայկականը:
Նա հիշեցրեց, որ 20 տարի շարունակ Թբիլիսիում Տայքի քաղաքներից մեկի՝ Արտանուջիի անունով գիտական ամսագիր է լույս տեսնում (6-րդ դարավերջից Հայոց Բագրատունի արքայական տոհի նստավայրը):
Ընդ որում պատմաբանն ընդգծեց, որ ամսագրի յուրաքանչյուր համարում բազմաթիվ նյութեր են հրատարակվում, որոնցում բացահայտ կերպով արտահայտված են վրացական կողմի պահաջները Տայքի շրջանի պատմական հուշարձանների նկատմամբ:
«Չնայած այն բանին, որ Տայքը ժամանակակից Թուրքիայի մի մասն է, դրա տարածքի եկեղեցիների շատ անուններ հայկական ծագում ունեն»,- ասաց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Տայքում տեղակայված հայկական պատմական հուշարձաններին, ապա Կարապետյանի խոսքերով՝ դրանց հաշվման աշխատանքները սկսվել են անցյալ դարի 20-ական թթ.-ից, բայց հանգամանքների բերումով մինչ այժմ ավարտված չեն:
Բացի այդ, ինչպես նշեց Կարապետյանը, եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ Տայքի մի մասն է նաև վրացական Ջավախք հայաբնակ տարածքը:
Փորձագետը մտահոգություն հայտնեց նաև այն մասին, որ վրացական ու թուրքական կառավարությունների միջև կա պայմանավորվածություն Արևմտյան Հայաստանի տարածքում զուտ հայկական հուշարձանների վերականգնողական աշխատանքները սկսելու մասին:
«Այսօր մեծ խզում կա Հայաստանի պատմամշակութային ժառանգության ու ժամանակակից հայ սերնդի միջև: Անհրաժեշտ է, որ մենք ավելի հետևողական լինենք մեր նպատակներին հասնելու գործում»,- ընդգծեց Կարապետյանը: -0-