Հայ թուրքագետը կոչ է անում ավելորդ անգամ չոգևորվել հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումից

02.09.2009, 14:09
Հայ թուրքագետը կոչ է անում ավելորդ անգամ չոգևորվել հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումից

Հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ստորագրումը չպետք է ավելորդ ոգևորության առիթ դառնա։

Օգոստոսի 31-ի երեկոյան Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ Հայաստանի հետ բանակցություններում, որոնք տարվում են Շվեյցարիայի միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրմանը վերաբերող «ներքաղաքական խորհրդատվությունների» սկզբի մասին:  Քաղաքական խորհրդատվությունները ծրագրվում է ավարտել վեց շաբաթվա ընթացքում, որից հետո կստորագրվի երկու արձանագրություն, որոնք կհանձնվեն երկու երկրի խորհրդարանների հաստատմանը:  

«Պետք չէ ավելորդ անգամ ոգևորվել, պետք է ավելի խելամիտ կերպով շարունակել հետևողական պայքարը»,- ասաց Մելքոնյանը։

Այս կապակցությամբ նա ընդգծեց, որ անպայման պետք է հիշել, որ թուրքական կողմը հնարավոր է՝ ետ քայլ անի։

«Թուրքերն արգելափակեցին այնպիսի մի հզոր պայմանագիր, ինչպիսին Սևրի պայմանագիրն էր, նշանակում է, նրանք ունեն նման փորձ»,- պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից։

Թուրքիայի և Առաջին Համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների միջև 1920թ. օգոստոսի 10-ին  կնքված Սևրի պայմանագրի համաձայն, Սուլթանյան Թուրքիան պարտավորված էր ճանաչել Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն»։ Նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումով Հայաստանի կազմում ընդգրկված էր համարյա ողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը։ Տրապիզոնի նավահանգիստն անցնում էր Հայաստանին։ Սակայն քեմալական Թուրքիան հրաժարվեց կատարել պայմանագրի պայմանները՝ 1920 թվականին ռազմական գործողություններ ծավալելով Հայաստանի դեմ, ինչի արդյունքում Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա, և այսօր պատմական Արևմտյան Հայաստանի տարածքը ժամանակակից Թուրքիայի վերահսկողության տակ է։

Թուրքագետի բնութագրմամբ, փաստաթուղթը միջպետական տեսակետից նորմալ փաստաթուղթ է, որը չի պարունակում Հայաստանի արժանապատվությանը հարված հասցնող որևէ կետ։

«Թուրքիան իր վրա կվերցնի բոլոր միջազգային պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են երկկողմ հարաբերությունների հաստատման համատեքստում»,- պարզաբանեց նա։

Սակայն, Մելքոնյանի խոսքերով, փաստաթուղթը պարունակում է հայ ժողովրդի համար վիճելի երկու կետ։

«Խոսքը, մասնավորապես, Հայաստանի և Թուրքիայի սահմանների և տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչման, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման մասին է»,- ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-