ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Երիտասարդ Ռուսաստան» շարժման ներկայացուցիչներն աջակցում են հայ երիտասարդական «Միասին» շարժմանը Հայաստանում «Սելիգերի» նմանությամբ երիտասարդական հավաք անցկացնելու գործում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Երիտասարդ Ռուսաստան» շարժման առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Միշչենկոն։
Հայաստանում Միշչենկոն մասնակցում է «Միասին» երիտասարդական շարժման հավաքին Սևանա լճի մերձակայքում գտնվող Նորաշեն գյուղում։
«Սելիգեր» համառուսական երիտասարդական կրթական համաժողովը մի հարթակ է, որը 2005 թվականից ի վեր ամեն տարի հավաքում է Ռուսաստանի ավելի քան 50 շրջանի երիտասարդներին։ Համաժողովն անցկացվում է Տվերի մարզում՝ Օստաշկով քաղաքի մոտ (Նիլովի անապատի մոտ, 24 կմ)։
««Միասին» շարժումն ամեն ինչ հիանալի կազմակերպեց, մեզ հրավիրեց որպես հյուրերի և հրահանգիչների, որպեսզի առաջին անգամ օգնենք կազմակերպչական աշխատանքներին»,- նշեց Միշչենկոն։
Նա հայտնեց, որ «Երիտասարդ Ռուսաստան» և «Միասին» երիտասարդական շարժումների միջև բարեկամությունը ծնվել է 2008 թվականին, երբ «Միասին»-ի ներկայացուցիչները 25 մարդու կազմով մասնակցեցին «Սելիգեր-2008»-ին, իսկ 2009 թվականին ժամանեց նոր խումբ, և նմանատիպ ճամբար նաև Հայաստանում ստեղծելու գաղափար հղացավ։
Ինչ վերաբերում է «Միասին»-ի հավաքին, ապա Միշչենկոն հայտնեց, որ «երիտասարդները շատ խելացի և աշխույժ են»։
«Սկզբում ես կարծում էի, թե Հայաստանն ունի իր մտածելակերպը, դա մի ուրիշ ժողովուրդ է, և մի փոքր վախենում էի, որ չի ստացվի ներդնել այն ծրագիրը, որն ունենք «Սելիգերում»։ Բայց այժմ տեսնում եմ, որ մարդիկ շատ ուրախ են, շատ կենսուրախ, և ամեն ինչ ստացվում է։ Ամեն ինչ գերազանց է, և ես շատ գոհ եմ»,- ընդգծեց Միշչենկոն։
Նա նշեց, որ Հայաստանում ի սկզբանե, ինչպես և «Սելիգերում», ընթանում է մարդկանց բաժանումը խմբերի, նրանց միաբանումը, մասնակիցների ծանոթությունը միմյանց հետ։
«Ամեն մարդ պետք է ծանոթանա մյուսի հետ։ Շատ կարևոր է բոլոր ժամանող և միմյանց անծանոթ մարդկանցից ստեղծել մի մեծ միասնական կոլեկտիվ»,- ընդգծեց նա։
Միշչենկոյի խոսքերով, «Երիտասարդ Ռուսաստանի» մասնակցությունը չի սահմանափակվի կազմակերպչական փորձի փոխանակմամբ։ «Կլինի նաև կրթական մասը, մենք դասախոսություններ կկարդանք աշխարհաքաղաքական իրավիճակի, Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև տեխնոլոգիական թեմաներով, որոնք պետք են ցանկացած երիտասարդ ակտիվիստի, մասնավորապես, ինչպես ճիշտ կազմակերպել միջոցառումներ, ակցիաներ, ինչպես դրսևորվել դրանց ընթացքում։ Կլինի նաև առաջնորդի հատկանիշներին նվիրված դասընթաց»,- տեղեկացրեց նա։
«Միասին» երիտասարդական շարժման հավաքն անցկացվում է Սևանա լճի մերձակա Նորաշեն գյուղում օգոստոսի 24-28-ը, մասնակցում է շուրջ 500 մարդ։
«Միասին» երիտասարդական շարժումը ստեղծվել է 2008 թվականի հուլիսին։ Շարժման նպատակն է գտնել ամենատարբեր արդիական խնդիրների լուծումներ։ -0-