Արոնյանը Տոպալով-Անանդ հանդիպման ֆավորիտ է համարում Անանդին

25.08.2009, 14:44
Արոնյանը Տոպալով-Անանդ հանդիպման ֆավորիտ է համարում Անանդին

ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը կարծում է, որ հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի և բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի միջև կայանալիք շախմատի աշխարհի չոմպիոնի տիտղոսի համար պայքարում ավելի մեծ հնարավորություններ ունի աշխարհի գործող չեմպիոնը Հնդկաստանից:

«Եթե Անանդը խաղա այնպես, ինչպես Կրամնիկի հետ, ապա նա կհաղթի», - ասաց Արոնյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Արոնյանը, ով արագ շախմատի և Ֆիշերի շախմատի ուժեղագույն խաղացողներից է, ևս անդրադարձավ շախմատի այդ տեսակների և դասական շախմատի միջև մրցակցության թեմային:

«Դասական շախմատ դեռ խաղում են, կան շատ հետաքրքիր հանդիպումներ, այնպես որ ամեն ինչ առջևում է՝ թե այդ շախմատի, թե շախմատի այլ տեսակների առումով», - ասաց նա՝ չհամաձայնելով այն մտավախության հետ, որ դասական շախմատն աստիճանաբար կանցնի երկրորդ պլան:

Խոսելով կիրակի Ջերմուկում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլի մասին՝ հայ գրոսմայստերը նշեց, որ մրցաշարը շատ լավ էր կազմակերպված և հետաքրքիր պայքար տեղի ունեցավ:

Նա հատկապես նշեց ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովի խաղը:

«Հաճելիորեն զարմացրեց Ռուստամ Կասիմջանովը, նա շատ լավ խաղաց: Սակայն վերջում նրա բախտը չբերեց Բորիս Գելֆանդի հետ, և նա իր արժանի տեղը չզբաղեցրեց», - ասաց Արոնյանը:

ՖԻԴԵ Գրան-պրի մրցաշարի հինգերորդ փուլն անցկացվում էր Ջերմուկում օգոստոսի 8-ից 24-ը, այն նվիրված էր 2009-ին նշվող աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին:

19-րդ կատեգորիայի մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ Լևոն Արոնյանը (Հայաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Էտյեն Բակրոն (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Եվգենի Ալեքսեևը (Ռուսաստան), Վլադիմիր Հակոբյանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):

Մրցաշարում 8,5 միավորով հաղթանակ տարավ Վասիլի Իվաչուկը: Երկրորդ-երրորդ տեղերը 8-ական միավորով կիսեցին Լևոն Արոնյանն ու Բորիս Գելֆանդը:-0-