ՀՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին՝ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ

24.08.2009, 13:22
ՀՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին՝ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ
ՀՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին՝ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայրենակիցներին՝ Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ, որը նշվել է նախօրեին:

ՀՀ նախագահ մամուլի ծառայությունից՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ուղարկված ուղերձում ասվում է, որ 19 տարի առաջ Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը պատմական և ուղենշային փաստաթուղթ էր Հայաստանի ապագայի համար:

ՀՀ նախագահի խոսքերով, Հռչակագիրը բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաև սուրը ձեռքին պատմական իր ուղին հարթած ժողովրդի կամարտահայտումն էր, սեփական հողի վրա սեփական երկիրը կառուցելու նրա վճռականության դրսևորումը:

«Անկախության հռչակագիրը համայն հայության կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, քանզի կոչված էր իրողություն դարձնելու հայոց դարավոր երազանքը` անկախ պետականության վերականգնումը»,  - ասվում է ուղերձում:

ՀՀ նախագահի խոսքերով, Հայաստանի ժողովրդի քաղաքական ազատության մասին ի լուր աշխարհի բարձրաձայնող այս փաստաթղթով «մենք հռչակեցինք վերելքի մեր ճանապարհը, որով մեր հանրապետությունն ու ժողովուրդն ընթացել են անցած տարիների ընթացքում` նրանում ամրագրված սկզբունքներին հավատարիմ»:

1990 թ.-ի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության մասին հռչակագիրը հռչակել է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Փաստաթղթի համաձայն՝ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվել է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան, ինքնավար մի պետություն, որն օժտված է պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:-0-