Հայաստանը պետք է հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը տապալվում է Թուրքիայի մեղքով, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՅԴ բյուրոյի գրասենյակի Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու, դաշնակցական գործիչ Կիրո Մանոյանը:
Նրա խոսքերով, այս գործընթացը ձախողված է Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների պատճառով, համաձայն որոնց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:
Թուրքիան փոխեց խաղի կանոնները: Նախապայմաններ դնելով Հայաստանի առաջ՝ Թուրքիան գրեթե տապալեց երկրների միջև հարաբերություններ հաստատելու գործընթացը»,- ասաց Մանոյանը:
Նրա կարծիքով այս մասին Հայաստանը պետք է հայտարարի չսպասելով հոկտեմբերի 14-ին, երբ նախատեսվում է Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջև պատասխան ֆուտբոլային խաղի անցկացումը, որին հրավիրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ Մանոյանի, Հայաստանը պետք է արտահայտի իր դիրքորոշումն անհապաղ, քանի որ երկրների միջև փոխհարաբերությունների իմիտացիան Թուրքիայի համար պակաս կարևոր չէ, քան որևէ արդյունքի առկայությունը: Փորձագետի խոսքերով, Թուրքիան ուզում է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ իբր թե Հայաստանի հետ ինչ-որ բանակցային գործընթացում է գտնվում:
Մանոյանը կարծում է, որ Թուրքիան ինքն է նախաձեռնել բանակցային գործընթացի դադարեցումը, և այդ պատճառով ճնշումը պետք է գործադրվի Անկարայի վրա գործընթացը տեղից շարժելու համար:
«Փաստ է, որ ապրիլի 22-ին «ճանապարհային քարտեզի» առնչությամբ արված համատեղ հայտարարությունից հետո, գրեթե ոչինչ տեղի չի ունեցել: Սա արևմտյան, այդ թվում և եվրոպացի դիվանագետների կարծիքն է»,- նշեց Մանոյանը:
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հարաբերությունների կարգավորման համատեղ հայտարարություն են արել: Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։
Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում, երբ սրի էր հանվել շուրջ մեկուկես միլիոն հայ։ Բացի այդ, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում զբաղեցնում է ադրբեջանամետ դիրքորոշում։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0--