Հայ հասարակությունը պետք է ավելի ուշադիր լինի ինտելեկտուալների նկատմամբ. Գիտության և կրթության նախարար

14.08.2009, 15:52
Հայ հասարակությունը պետք է ավելի ուշադիր լինի ինտելեկտուալների նկատմամբ. Գիտության և կրթության նախարար

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հասարակությունը պետք է ավելի ուշադիր լինի թե ինտելեկտուալների, թե երկրում ինտելեկտուալ զարգացման շարժման հանդեպ, կարծում է Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ինտելեկտն ու գիտատար տնտեսությունն իր առաջնահերթ ուղղություններ հայտարարած հասարակությունը պետք է ավելի ուշադիր լինի իմացող, կիրթ ու ինտելեկտուալ ունակություններ ունեցող մարդկանց հանդեպ, որպեսզի նրանց միջոցով վերադարձնի գիտելիքի արժեքը հասարակությունում»,- ուրբաթ նախարարն ասաց լրագրողներին:

Աշոտյանի կարծիքով, գիտակների ինտելեկտուալ խաղերը լավ միջոց են իսկապես ցույց տալու, որ երկրում կա ու զարգանում է ինտելեկտուալ շարժում, կան ինտելեկտուալներ, շատ բարձր կրթական մակարդակով մարդիկ: «Այս մարդիկ կարող են ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս հայ ինտելեկտուալ ներուժին նոր հաջողություններ ապահովել»,- հավելեց նա:     

Աշոտյանը նշեց, որ եթե նախորդ տարիներին երկրում ինտելեկտուալ խաղերին սատարում էր միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ապա անցյալ տարվանից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստումից հետո, աջակցություն սկսեց ցուցաբերվել պետական մակարդակով:  

Նա հայտնեց, որ միայն 2009 թ.-ին պետական աջակցության շնորհիվ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի Հայաստանի առաջնությունն անցկացվեց Գյումրիում, անցկացվեց «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի Երևանի բաց առաջնություն, Հայաստանի չեմպիոն «ԴԱՖ»-ը և պատանեկան հավաքականը կմասնակցեն «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի աշխարհի առաջնություններին: Բացի այդ, երեք թիմեր հնարավորություն են ստացել մասնակցելու Հարավային Կովկասի առաջնությանը, որն անցկացվեց Բաթումիում հուլիսի 24-26-ին:  

Ինչ վերաբերում է նախատեսվող ծրագրերին, ապա, ըստ Աշոտյանի, ծրագրվում է անցկացնել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի միջազգային մրցաշար հայ և վրացի ուժեղագույն թիմերի մասնակցությամբ, վերսկսել այս ինտելեկտուալ խաղի ցուցադրությունը հեռուստատեսությամբ, ինչպես նաև ինտելեկտուալ խաղերի միջգերատեսրական փառատոն անցկացնել:

ՀՀ գիտության ու կրթության նախարար Արմեն Աշոտյանն ինքը երկար ժամանակ խաղացել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» և իր ժամանակին եղել Երևանյան ակումբի առաջատար խաղացողներից մեկը: -0-