Հայաստանի և Բրազիլիայի միջև չկան քաղաքական տարաձայնություններ. խոսնակ

13.08.2009, 18:22
Հայաստանի և Բրազիլիայի միջև չկան քաղաքական տարաձայնություններ. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Բրազիլիայի միջև չկան քաղաքական տարաձայնություններ, կարծում են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և  Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Նիկոդեմոսը:

«Հանդիպման ժամանակ զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև չկան քաղաքական տարաձայնություններ, և ՄԱԿ-ում քննարկվող միջազգային հանրության օրախնդիր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համահունչ են»,- ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։   

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց նրան Երևանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Նիկոդեմոսի պաշտոնավարության ժամանակաշրջանում երկկողմ համագործակցությունը կզարգանա և կխորանա` ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների:

Հանդիպման ժամանակ Աբրահամյանը շեշտեց, որ քաղաքական հարաբերություններում ձևավորված դրական մթնոլորտը պարարտ հող է ստեղծում առևտրատնտեսական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Զրուցակիցները նաև քննարկեցին երկու երկրների խորհրդարանների միջև շփումներն աշխուժացնելու հեռանկարները:

Ամփոփելով զրույցը` խոսնակը դեսպանին մաղթեց հաջողություններ իր ձեռնարկումներում և բեղմնավոր աշխատանք ի նպաստ Հայաստանի և Բրազիլիայի համագործակցության:--0--