2009թ.-ին բնական աղետներից Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը շուրջ 20 մլն դոլար է կազմել

13.08.2009, 10:41
2009թ.-ին բնական աղետներից Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը շուրջ 20 մլն դոլար է կազմել
2009թ.-ին բնական աղետներից Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը շուրջ 20 մլն դոլար է կազմել

Օպերատիվ տվյալներով, 2009թ.-ին տարերային աղետները վնաս են հասցրել Հայաստանի 100 գյուղական համայնքի 17.4 հազար հեկտարին, ինչը գումարային առումով 7,4 մլրդ դրամ է կազմում /շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար/, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:  

Նրա խոսքերով, պատճառված վնասի աստիճանը տատանվում է 20-ից մինչև 90 տոկոսի սահմաններում: Ընդ որում, փոխնախարարը նշեց, որ վնասի չափի հաշվարկներն անցկացվել են մարզային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, այդ իսկ պատճառով դրանք փոքր-ինչ մեծացված են:

«Վերջին 5 տարվա վերլուծությունները ցույց են տալիս, որ գրեթե ամեն տարի բնական արհավիրքներից տուժում է 100-130 համայնք, եթե խոսքը համընդհանուր երաշտի ու ցրտահարությունների մասին է, ինչպես 2002 և 2003թթ.-ին, երբ 30 աստիճան ցրտի պայմաններում բազմաթիվ տնկիներ տուժեցին»,- ասաց Գալստյանը:     

Նա նշեց, որ սովորաբար վնասը տատանվում է 5 մլրդ դրամից մինչև 20 մլրդ դրամի սահմաններում: Այս տար, օգոստոսի մեկի դրությամբ ամփոփված է իրավիճակը ՀՀ բոլոր մարզերում՝ գարնանից մինչև օգոստոս, ներառյալ ցրտահարությունները, հեղեղները, տեղատարափ անձրևները, քամին, կարկուտը:   

Փոխնախարարի խոսքերով, հանրապետությունում հակակարկտային սարքավորումների տեղադրման աշխատանքներ են տարվում: «Արագածոտնի մարզում շահագործվում է 15 հակակարկտային սարքավորում: Այդ տարածքներում կարկուտն այս տարի լուրջ վնաս չի հասցրել: Արմավիրի մարզում տեղակայված է 15 հակակարկտային կայան: Արդեն ամսվա ընթացքում կավարտվեն Արարատի մարզում 12, Շիրակում՝ 6, Արագածոտնում՝ 3 կայանի տեղադրման աշխատանքները»,- ասաց նա:-0-