Սթենլի Ջորդանը հնարավոր է համարում հայկական թեմաներով ալբոմի ստեղծումը

11.08.2009, 18:20
Սթենլի Ջորդանը հնարավոր է համարում հայկական թեմաներով ալբոմի ստեղծումը
Սթենլի Ջորդանը հնարավոր է համարում հայկական թեմաներով ալբոմի ստեղծումը

Ամերիկացի հանրաճանաչ ջազային երաժիշտ Սթենլի Ջորդանը հնարավոր է համարում հայկական մոտիվների գործածմամբ ալբոնի ստեղծումը, ընդհուպ մինչև հայ երաժիշտների հետ համատեղ նախագծի իրականացումը:

«Հիմա հստակ ծրագիր չկա, բայց ես կանխազգացում ունեմ, որ ինչ-որ բան լինելու է»,- երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:

Ջորդանը հավելեց, որ մամուլի ասուլիսին գալու ճանապարհին մեքենայի մեջ ինքը հայկական երաժշտություն է լսել, որն իրեն շատ դուր է եկել: «Ինձ թվում էր, որ ամեն մի նոտան, ամեն մի հնչյունը մի համեմունք է, որը պետք է պահպանել»,- նշեց նա:   

Նա նշեց նաև հայ երաժիշտների պրոֆեսիոնալիզմը, ում հետ նա նախօրեին ջեմ-սեյշն է անցկացրել երևանյան «Մալխաս» ջազ-ակումբում:

Խոսելով վաղվա համերգի մասին, որը տեղի կունենա Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում, Ջորդանը հայտնեց, որ կատարելու է իր «State Of Nature» ալբոմի ստեղծագործությունները, ինչպես նաև երգեր իր մյուս ալբոմներից: Ընդ որում երաժիշտը հավելեց, որ հնարավոր է, որ որևէ նոր բան նույնպես կատարի:

Ջորդանն ընդգծեց, որ վաղուց է երազել լինել Հայաստանում, դեռևս այն ժամանակներից, երբ լսել է Հայաստանում տեղի ունեցած երակրշարժի մասին, և շատ ուրախ է, որ իր երազանքը կատարվել է:  

Ինչ վերաբերում է հայկական մշակույթի հետ ծանոթանալուն, ապա, նրա խոսքերով, ինքը այն չգիտի այնքան լավ, որքան կուզենար:  

Սակայն ջազ-կիթառահարը նշեց, որ հայկական մշակույթում շատ մեծ ուշադրություն է հատկացվում մանրամասներին: «Նույնպիսի զգացողություն ես ունեի նաև երեկ, երբ լսում էի հայ երաժիշտներին ջեմ-սեյշնի ժամանակ»,- ասաց Ջորդանը:

Իր կողմից բաս-կիթառահար Զիրք Բոները հավելեց, որ նույնպես ծանոթ է հայկական երաժշտությանը, և իր որդու լույս աշխարհ գալու ժամանակ լսում էր Ջիվան Գասպարյանի դուդուկի կատարումը: «Այդ երաժշտությունը կարծես իմ սրտից էր բխում»,- ասաց Բոները:  

Սթենլի Ջորդանի համերգը Երևանում կազմակերպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ Մշակույթի նախարարության և «Հայկական ջազ-70» կազմակերպության աջակցությամբ:

Սթենլի Ջորդանն ինքնատիպ ու տաղանդավոր ամերիկացի ջազ- և ֆյուժն- կիթառահար է: Դեռևս 1985 թվականից, երբ թողարկվեց նրա առաջին «Մոգական հպում» (Magic Touch) Գրեմի մրցանակի առաջադրված ոսկե սկավառակը, Ջորդանը դարձավ նորարարական ուժ պրոգրեսիվ գործիքային երաժշտության ասպարեզում:  «Հպումի» ու «մատնահարվածի» վարժ կատարողական տեխնիկայի միջոցով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ռիթմ և մեղեդի արտաբերել, Ջորդանը վարպետորեն միահյուսում է դասականը, ջազն ու ռոքը` սփռելով անդորր ու ներդաշնակություն: -0-