ՀՀ նախագահը ծանոթացել է Ջերմուկի՝ որպես առողջապահության ու զբոսաշրջության կենտրոնի զարգացման ծրագրերի իրականացմանը

10.08.2009, 16:24
ՀՀ նախագահը ծանոթացել է Ջերմուկի՝ որպես առողջապահության ու զբոսաշրջության կենտրոնի զարգացման ծրագրերի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ին Ջերմուկում ունեցած աշխատանքային այցի ընթացքում մարզի և քաղաքի ղեկավարների հետ քննարկել է անցյալ տարի Ջերմուկի` որպես առողջարանային և զբոսաշրջական կենտրոն զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ինչպես հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը,  ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երկրի ղեկավարին ներկայացրել է Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում նախատեսված առաջնահերթ կառուցապատման սխեմաների եւ քաղաքում առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի կառուցման նախագծերը:

«Չգործող օդանավակայանի և դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի և զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի և ձմեռային սպորտաձևերի մարզադաշտերի) գոտիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունում հիշեցրեցին, որ նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա, որով ծրագրվում է Ջերմուկը դարձնել առողջարանային, ձմեռային և մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, նաև` համահայկական ու միջազգային մանկապատանեկան ու երիտասարդական ճամբարատեղի: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:

Գլխավոր ճարտարապետը նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ առողջարանային SPA կենտրոնով հյուրանոցային համալիրի շինարարությունը սկսված է և կավարտվի 2011թվականին: Համալիրի ներդրումների ծավալը կազմում է 15 մլն ԱՄՆ դոլար:

Երկրի ղեկավարին են ներկայացվել նաև քաղաքի մուտք հանդիսացող խճուղում անվտանգ երթևեկություն ապահովելու համար կառուցվելիք տրանսպորտային նոր հանգույցի և ավտոճանապարհի նախագծերը:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Ջերմուկի ճոպանուղի, ծանոթացել տարածքի բարեկարգման աշխատանքներին: Նախագահ Սարգսյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» Ջերմուկ-2009 միջազգային մրցաշարի բացման առիթով Ջերմուկում գտնվող ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի ընկերակցությամբ փորձարկել է ճոպանուղու երթուղին:-0-