Հայկական ընդդիմադիր թերթի խմբագրին մեղադրանք է առաջադրվել ՔՕ երկու հոդվածների հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ փաստերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության արդյունքներով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մասերով՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ: Չորեքշաբթի մեղադրյալին և նրա պաշտպաններին հայտնվել է նախաքննության ավարտի մասին և ծանոթանալու համար վերջիններիս տրամադրվել են քրեական գործի ողջ նյութերը և պատճեները:
2008 թ.-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը՝ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ընդհատակից և հուլիսի 1-ին հանձնվել ՀՀ իրավապահ մարմիններին: Փաշինյանը ձերբակալվել է Կենտրոն համայնքի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Փաշինյանը հետախուզման մեջ էր գտնվում 2008 թ.-ի մարտյան զանգվածային անկարգությունների կապակցությամբ:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ 2008 թ.-ի մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել ավելի քան երկու հարյուր մարդ:-0-