ՄԱԿ-ը պատրաստ է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ճգնաժամի հաղթահարման ծրագրի իրագործման գործում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ և ղեկավար Կոնսուելո Վիդալը:
«Սակայն աջակցություն ցուցաբերելու համար մենք պետք է հասկանանք, թե Հայաստանը հատկապես որ ուղղություններում և ոլորտներում աջակցության կարիք ունի», - ասաց նա:
Վիդալի խոսքերով՝ այս կապակցությամբ ՄԱԿ-ը աջակցում է Հայաստանին տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության մոնիտորինգի անցկացման գործում, որը թույլ է տալիս բացահայտել առավել խոցելի ոլորտները:
«Ճգնաժամի հետևանքների մեղմացման համար անհրաժեշտ է հստակ գնահատել տնտեսվարող սուբյեկտների վրա դրա ազդեցությունը, միաժամանակ ՄԱԿ-ի գործողակալություններն իրենց հերթին պատրաստ կլինեն ոչ միայն աշխատել ամեն մեկն իր ուղղությամբ, այլև հանդես գալ որպես մեկ ամբողջություն՝ տարբեր նախաձեռնություններ իրագործելու համար», - ասաց նա:
Վիդալը նաև ընդգծեց, որ հենց այդ նպատակներով ՄԱԿ-ը և ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի հուլիսի 24-ին ստորագրեցին 72 միլիոն ԱՄՆ դոլար արժողությաբ Հայաստանի զարգացմանն աջակցելու 2010-2015 թթ. ծրագիրը:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը հիշեցրել է, որ նոր ծրագրի հիմնական ուղղությունները կինեն Հայաստանի կայուն զարգացմանն աջակցելը, ինչին կուղղվի տրամադրվող միջոցների ընդհանուր թվի 33 տոկոսը, հիմնական սոցիալական հնարավորություններին հավասար հասանելիության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, բնապահպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտի ծրագրերը:
Փաստաթուղթը երկրում գործող բոլոր 14 կառույցների և կազմակերպությունների գործունեության միասնական ծրագիր է, որոնցից յուրաքանչյուրն իրագործելու է սեփական նախագծերը՝ ստորագրված 2010-2015 թթ.-ի ծրագրի շրջանակներում:
ՄԱԿ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից, և այժմ երկրի տարբեր ոլորտներում գործում են այդ կազմակերպության 14 գործակալություններ, հիմնադրամներ և ծրագրեր:-0-