Հայաստանը պատրաստ է դիմակայել «խոզի գրիպին». ՀՀ առողջապահության նախարարություն

30.07.2009, 14:14
Հայաստանը պատրաստ է դիմակայել «խոզի գրիպին». ՀՀ առողջապահության նախարարություն

Հայաստանում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները А/H1N1 վիրուսին (այսպես կոչված «խոզի գրիպին») արդյունավետ դիմակայելու համար այն դեպքում, եթե այն ներթափանցի հանրապետություն, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

«Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հատուկ մասնաշենք է հատկացված «խոզի գրիպով» հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար, եթե նման հիվանդներ հայտնաբերվեն: Կան անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներն անհրաժեշտության դեպքում հիվանդությունը բուժելու համար», - ասաց Թորոսյանը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում А/H1N1 վիրուսով հիվանդներ չկան:

Նրա խոսքերով՝ «խոզի գրիպը» նման է սովորական գրիպին և բուժվում է առանց որևէ դժվարության:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է «խոզի գրիպի» 134 503 դեպք, որոնցից միայն 800-ն են մահացու ելք ունեցել: Ընդ որում մահացու ելքը գրանցվում է միայն այն դեպքում, եթե հիվանդը շնչառական ուղիների հետ կապված քրոնիկ խնդիրներ ունի», - նշեց նախարարության ներկայացուցիչը:

Նա նաև ավելացրեց, որ խուճապի պատճառներ չկան, և նախազգուշության հիմնական միջոցը նախկինի պես անձնական հիգիենայի պահպանումն է:

«Առողջապահության նախարարությունը հատուկ տեղեկագրքեր է հրատարակել՝ բնակչության շրջանում իրազեկության բարձրացման և ավելորդ խուճապից խուսափելու նպատակով: Տեղեկագրքերը տարածվում են երկրի բոլոր մարզերում՝ մարզկենտրոնների և պոլիկլինիկաների միջոցով», - տեղեկացրեց Թորոսյանը:-0-