Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հաջողություն չի ունենա, քանի որ Թուրքիան երբեք չի բացի Հայաստանի հետ սահմանը, կարծում է Հայաստանի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի տարածաշրջանային հարցի գծով փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։
«Ես կարծում եմ, որ Թուրքիան երբեք չի բացի իր սահմանը Հայաստանի հետ, քանի որ, մի կողմից, դա նրան ձեռնտու չէ՝ ելնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատացնելու ցանկությունից, մյուս կողմից, նա փոխել է ԱՄՆ-ին ներկայացրած՝ տարածաշրջանային հինգ երկրների, բացառությամբ Իրանի մասնակցությամբ Կովկասյան պլատֆորմի ստեղծման մասին ձևաչափը»,- չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց Շաքարյանցը։
Նրա խոսքերով, Թուրքիան շեղվել է այդ ճանապարհից, երբ հունիսի վերջին սկսել է համագործակցել Իրանի հետ՝ վերջինին Կովկասյան պլատֆորմում ընդգրկելու հարցի շուրջ՝ դրանով իսկ կորցնելով ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի վստահությունը։
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընդգրկված է արևմտյան տերությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերում, որոնք ավելի են ուժեղացնելու իրենց ճնշումը Թուրքիայի վրա՝ այդ նպատակին հասնելու համար։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-