«ԱՐԱՐԱՏ» միության՝ կարճ նարդու առաջին առաջնությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Էստոնիայի մայրաքաղաքում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։
Տասնվեց նարդիստների մասնակցությամբ ընտրական փուլից հետո առաջնության եզրափակիչ անցան չորս ուժեղագույնները՝ Ավետիք Հայրապետյանը, Հուսիկ Ստեփանյանը, Գրիգոր Հայրապետյանն ու Ալեքսանդր Գուժովը։ Վեց միավորով առաջին տեղը զբաղեցրեց Ավետիք Հայրապետյանը, ով հաղթանակ տարավ շրջանակային եզրափակչի բոլոր հանդիպումներում։
Չեմպիոնը պարգևատրվեց գավաթով, 4500 էստոնական կրոն (300 Euro) դրամական մրցանակով, ինչպես նաև հովանավորների կողմից տրամադրված այլ մրցանակներով։ Մրցանակային 2-4 տեղերը 2-ական միավորով կիսեցին մյուս մասնակիցները, ովքեր պարգևատրվեցին մեդալներով և 1000-ական կրոն դրամական մրցանակով։
Ավետիք Հայրապետյանը, Հուսիկ Ստեփանյանը, Գրիգոր Հայրապետյանն ու Ալեքսանդր Գուժովը ձևավորել են «Արարատ» միության հավաքականը, որը հրավիրում է Էստոնիայի այլ մշակութային հանրության հավաքականներին անցկացնել ընկերական թիմային առաջնություններ։
Հուլիսի 25-ին կանցկացվի «ԱՐԱՐԱՏ» միության՝ երկար նարդու բաց առաջնությունը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Առաջնության մրցանակային ֆոնը կազմում է 7000 կրոն (450 Euro):
Օգոստոսի 20-ին և սեպտեմբերի 23-ին «Արարատ» միությունը Տալլինում կանցկացնի Նարդու բաց առաջնություն, որը նվիրված է Էստոնիայի և Հայաստանի պետական տոներին։-0-