Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական կառույցներին. փորձագետ

14.07.2009, 13:46
Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական կառույցներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտում ունի, կարծում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» (ICHD) գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

«Իմ կարծիքով Հայաստանը Եվրոպական Միության հետ հարաբերություններն ավելի խորացնելու ու եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքական կամք ունի», - հայտարարեց Պողոսյանը լրագրողներին «ԵՄ-Հայաստան. կա՞ն արդյոք նոր հիմքեր եվրաինտեգրման գործընթացի առաջընթացի համար» համաժողովի բացման ժամանակ:

Նա ավելացրեց, որ եթե Եվրոպան զգա, որ այդ քաղաքական կամքը վերածվում է իրական գործողությունների, ապա նա ևս պատասխան քայլեր կանի՝ մասնավորապես օգտագործելով ԵՄ «Արևելյան գործընկերություն» նոր ծրագրի հնարավորությունները:

Պողոսյանը նաև նշեց, որ վերջերս տեղի ունեցան Եվրախորհրդարանի ընտրությունները, շուտով կձևավորվեն եվրահանձնաժողովների նոր կազմերը, և ԵՄ շատ ղեկավարներ կփոխվեն, ինչը, նրա կարծիքով, կարող է նոր հնարավորություններ ստեղծել՝ առավել սերտ և ջերմ համագործակցության համար:

EuFoA-ի (Հայաստանի Եվրոպական ընկերներ) գլխավոր քարտուղար Միքայել Կամբեկն իր հերթին նշեց, որ հայկական իշխանությունները պետք է համագործակցություն հաստատեն եվրոպական նոր խորհրդարանի հետ, որի 40 տոկոսը նոր պատգամավորներ են: Նա նաև ընդգծեց, որ Եվրախորհրդարանը դրական է վերաբերվում Հայաստանին և առաջինն է միջազգային կազմակերպություններից, որ ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:

«ԵՄ-Հայաստան. կա՞ն արդյոք նոր հիմքեր եվրաինտեգրման գործընթացի առաջընթացի համար» համաժողովին կքննարկվեն ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ու Հայաստանի հետ հարաբերությունների վրա ԵՄ-ում փոփոխությունների ազդեցությունը:-0-