ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Երևանում «Ոսկե ծիրան» հայկական միջազգային կինոփառատոնի շրջանակներում հայ-թուրքական կինոհարթակ է բացվել։
«Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքերով, հայ-թուրքական կինոհարթակը շատ կարևոր նախագիծ է այլ երկրների կինոարտադրողների հետ համագործակցությունը խորացնելու համար։
Նա հայտնեց, որ կինոհարթակի գործընկերներն են «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը և Հայաստանում ամերիկյան դեսպանությունը։
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերով, հայկական «Ոսկե ծիրանի» և «Անադոլու կուլտուր» (կինոհարթակի նախաձեռնողը) հասարակական կազմակերպության միջև համագործակցությունը սկսվել է 2007 թվականին, և այդ պահից հայ և թուրք կինոգործիչները մի քանի անգամ հանդիպել են ինչպես Երևանում, այնպես էլ Ստամբուլում։
«Այդ հանդիպումների ժամանակ ծնվեց կինոհարթակ ստեղծելու գաղափարը, որը արդյունավետ համագործակցության, կապերի ամրապնդման և ֆիլմերի համատեղ արտադրման հարմար ձևաչափ է»,- ասաց Հարությունյանը։
Նա հայտնեց, որ կինոհարթակի շրջանակներում Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից ժամանած հայտնի կինոգործիչների դասախոսություններ կանցկացվեն։
Իր հերթին Ստամբուլի Բոյաչիզի համալսարանի կինոստուդիայի ղեկավար, «Անադոլու կուլտուր» ԲԸ ղեկավար Չիգդեն Մատեր Ուտկուն հույս հայտնեց, որ հայ-թուրքական կինոհարթակը կնպաստի հայ-թուրքական մերձեցմանը։
«Հույս ունեմ, որ կինոարտադրողներին կհաջողվի ոչ միայն ստեղծել արվեստի համատեղ ստեղծագործություններ, այլ նաև կինոյի միջոցով բարձրացնել պատմական հարցեր»,- ասաց նա։
Չիգդեն Մատեր Ուտկուն հայտնեց, որ արդեն կան մի քանի կինոնախագծեր, որոնք կքննարկվեն առաջիկա օրերին։
«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12-ից 19-ը։ Մրցութային ֆիլմերը հանդես կգան ավանդական երեք անվանակարգում՝ միջազգային-խաղարկային, վավերագրական և Հայկական համայնապատկեր։ -0-