«ԵՄ-Հայաստան. կա՞ն արդյոք նոր հիմքեր եվրաինտեգրման գործընթացի առաջընթացի համար» համաժողովը տեղի կունենա Երևանում հուլիսի 14-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ICHD). հասարակական կազմակերպության մամուլի ծառայությունից:
Համաժողովը նվիրված է եվրաինտեգրման գործընթացում առկա նոր մարտահրավերներին ու ԵՄ-ի տարածաշրջանային համագործակցության նոր զարգացումների հետ կապված հնարավորություններին:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն տեսակետներ ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Համաժողովին հրավիրված են պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում միջազգային կառույցների և եվրաինտերգման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովն անցկացվում է «Հայաստանի Եվրոպական ընկերներ» բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպության, Հայաստանում British Council-ի գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ՝ «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում:-0-