ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հայկական կողմի համար սակարկման առարկա չի կարող լինել:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնական և անքակտելի իրավունքն է տնօրինել իր ճակատագիրը՝ հիմնված միջազգային համընդհանուր նորմերի վրա», - նախօրեին Փարիզում Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարել Լեռնային Ղարաբաղի անկախության համար և հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է նրա ազատ և անկախ ապրելու իրավունքը:
«Ոչ մի ուժ, ոչ մի ռազմատենչ հայտարարություն չի կարող կոտրել հայության անսասան կամքը», - ասել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, այն ոչ թե շահերի բախման, այլ համագործակցության, զարգացման և բարգավաճման տարածաշրջան տեսնելու մոտեցումով են պայմանավորված նաև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հայկական կողմի սկզբունքները:
Միաժամանակ խոսնակն ընդգծել է, որ բացի խաղաղ բանակցություններից ղարաբաղյան խնդրի լուծման այլ ճանապարհ չկա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-