Հայաստանը և փոքր տնտեսություններ ունեցող երկրները կարող են շահել գլոբալ ինտեգրման համատեքստում համաշխարհային ճգնաժամի պայմաններում, երեքշաբթի Երևանում հայտարարեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը (Asad Alam)՝ «Գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» միջազգային գիտաժողովում իր ելույթի ընթացքում։
Նրա խոսքերով, ավելի խոշոր երկրներ ճգնաժամի պայմաններում կարող են ուղղորդվել ներքին շուկայով, սակայն փոքր տնտեսություններ ունեցող երկրները չունեն նման հնարավորություններ, ինչի կապակցությամբ պետք է դուրս գան համաշխարհային շուկաներ։
«Ինտեգրումը միջազգային շուկայում հնարավորություն կընձեռի փոքր տնտեսություն ունեցող բազմաթիվ երկրների դուրս գալ ճգնաժամից»,- կարծում է Ալամը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, մի շարք երկրների կողմից տարվող պրոտեկցիոն քաղաքականությունը ազգային արտադրողների նկատմամբ «անհեռանկարային է և չի տա դրական արդյունքներ»։
Նա նշեց, որ թեպետ Հայաստանին և փոքր տնտեսությամբ բազմաթիվ երկրների հաջողվեց խուսափել համաշխարհային ճգնաժամի առաջին ցնցումներից, այնուամենայնիվ, հաջորդ ալիքներն անպայման կհասնեն այս երկրներին և «ավելի խորը կլինեն՝ ազդելով պետծախսերի ծրագրերին, սոցիալական իրավիճակին և գործազրկության աճի հնարավորությանը»։
«Ստեղծված իրավիճակում երկրները պետք է արագ արձագանքեն բոլոր փոփոխություններին, ուղղումներ կատարեն ֆիսկալային քաղաքականությունում, հատկապես, նկատի ունենալով, որ վերականգնումը դանդաղ ու ընդհատվող կլինի, իսկ ԱՄՆ-ում դեռ երկար կզգան հետընթացի հետևանքները»,- ասաց Ալամը։
Այս կապակցությամբ նա ընդգծեց տնտեսության բազմազանեցման, բարեփոխումների իրականացման, ստվերային շրջանառության կրճատման և միջազգային շուկաներում ինտեգրման ուղիների որոնման անհրաժեշտությունը։
«Ստեղծված իրավիճակում Հայաստանը մեկնարկային լավ դիրքեր ունի՝ հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների պահպանումը, ֆիսկալային քաղաքականության բաց լինելը, դրամավարկային քաղաքականության պահպանումը»,- ասաց Ալամը։ -0-