Հայաստանի և Կիպրոսի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դիմիտրիս Խրիստոֆիասին բացառում են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծումը, ասվում է Երևանում երկու պետությունների ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Նախագահներն արտահայտեցին իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և նշեցին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով` հիմք ընդունելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, ներառյալ ազգերի ինքնորոշման իրավունքը», - ասվում է նախօրեին ընդունված փաստաթղթում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանը ողջունում է Կիպրոսի խնդրի համապարփակ, արդարացի, տևական և համաձայնեցված` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Եվրոպական Միության հիմքում ընկած սկզբունքների վրա հիմնված կարգավորմանն ուղղված ներկայում ընթացող բանակցությունները:
Կողմերն ընդգծել են նաև հարևան պետությունների միջև առանց նախապայմանների և միմյանց հանդեպ հարգանքի ու փոխըմբռնման հիմքի վրա բնականոն հարաբերությունների հաստատման ու զարգացման անհրաժեշտությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-