Անցյալ հանգստյան օրերին ուժեղ քամու, անձրևի ու ամպրոպի պատճառով տուժել են Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզի բնակավայրերը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, շաբաթ երեկոյան Տավուշի մարզում գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գյուղերի առանձնատների տանիքների ծածկերը, հացահատիկի ու եգիպտացորենի դաշտերը, «Բագրատաշեն» մաքսատան 270 քմ մակերեսով տանիքային ծածկը:
Բերդի տարածաշրջանի մի շարք գյուղերում հորդառատ անձրևը ողողել է ցորենի ու կարտոֆիլի դաշտերը, քանդվել են գյուղամիջյան ավտոճանապարհները, իսկ քամու հետևանքով պոկվել են մի շարք տների տանիքների թիթեղներ:
Ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը պարզելու համար:
Կիրակի Լոռու մարզում տեղացած հորդ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի թիվ 24 դպրոցի բակը, նկուղը և առաջին հարկը ողողած ջրերն սկսել են հոսել քաղաքի Ներսիսյան ու Սանկտ-Պետերբուրգյան փողոցներով:
Սարերից իջնող անձրևաջրերը ողողել են մարզի Գուգարք ու Շահումյան գյուղերը: Ջրաբեկորները, լցվելով սելավատարերը, փակել են ջրի հունը, ինչի հետևանքով ջուրը հոսել է փողոցներով ու լցվել բնակելի տների առաջին հարկերը, օժանդակ կառույցներն ու տնամերձ հողամասերը:
Ստեղծվել է փրկարարական երեք աշխատանքային խումբ` վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար: Փրկարարները գետի ափապաշտպան պատի վրա անցք են բացել ու ջրի հոսանքն ուղղել դեպի հունը:
Մարզպետի կարգադրությամբ վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավվել են Լոռու «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և «Դեբեդ» մասնաճյուղի ՓԲԸ-ի աշխատակիցներն ու տեխնիկան, որոնց ջանքերով երեկոյան հաջողվել է վերացնել բնակչությանը սպառնացող վտանգը:
Նույն օրը Գեղարքունիքի մարզում տեղացած կարկուտը վնասել է մարզի Աղբերք գյուղի բնակիչների տների տանիքների թիթեղները, ցանքատարածքներն ու հոսանքալարերը, ինչպես նաև Շորժա գյուղի տների տանիքները, ցանքատարածքները և պտղատու այգիները:-0-