Ղարաբաղյան հիմնահարցի հիմքում ընկած է ազգի ինքնորոշման իրավունքի կիրառման հիմնարար սկզբունքը. ՀՀ ԱԳՆ

26.06.2009, 20:01
Ղարաբաղյան հիմնահարցի հիմքում ընկած է ազգի ինքնորոշման իրավունքի կիրառման հիմնարար սկզբունքը. ՀՀ ԱԳՆ

Ղարաբաղյան հիմնահարցի հիմքում ընկած է ազգի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի կիրառման հիմնարար սկզբունքներն ու ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը, ասաց ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը հունիսի 23-24-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ անվտանգության գնահատման տարեկան համաժողովին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների քննարկման ժամանակ։

Կիրակոսյանը կարևորել է Եվրոպայում անվտանգության համակարգը, մասնավորապես ԵԱՀԿ դերը այս հարցում։ Նա ընդգծել է Եվրոպայում անվտանգության համակարգերը ժամանակակից պահանջներին ու մարտահրավերներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-