Հայկական ընդդիմությունը հուլիսի 2-ին արտահերթ հանրահավաք կանցկացնի
Հայկական ընդդիմությունը հուլիսի 2-ին արտահերթ հանրահավաք կանցկացնի, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի կոորդինատոր Լևոն Զուրաբյանը։
«Սկզբնապես ծրագրվում էր, որ «քաղբանտարկյալների» անխուսափելի ազատ արձակումից հետո մենք պետք է հանրահավաք անցկացնենք, բայց քանի որ նրանց ազատ արձակման հստակ ժամկետները չգիտեինք, ապա ստույգ ամսաթիվ չենք նշել»,- ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքերով՝ հանրահավաքի նպատակը ժողովրդի ու մեկ տարուց ավելի ազատազրկված վիճակում գտնվող իր առաջնորդների հանդիպումը կազմակերպելն է։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տվյալների համաձայն՝ հունիսի 23-ի դրությամբ ՀՀ տարբեր քրեակատարողական հաստատություններից ազատ են արձակվել, մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ՝ հետախուզման մեջ գտնվող ղեկավար Վանո Սիրադեղյանի պահակախմբի նախկին պետ Սուրեն Սիրունյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսան Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:
«Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, որպեսզի հերթական անգամ հայտարարենք մյուս «քաղբանտարկյալների» ազատման համար պայքարելու մեր կայուն հաստատակամության մասին»,- հավելեց Զուրաբյանը։
ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին անցկացված արտահերթ նիստում հավանություն էր տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու առաջարկությանը: Հայտարարված համաներման համաձայն, պատժից լիովին ազատվում են, մասնավորապես առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, ինչպես նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:
Համաներումը տարածվում է 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա, որոնց հինգ տարի ազատազրկում է սպառնում:-0-