ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ աշխատանքային այցով կմեկնի Փարիզ, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և Մինսկի խմբի համանախագահների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հունիսի 27-28-ը Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Կուրֆուում (Հունաստան) ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված կլինի Եվրոպայում անվտանգության համակարգերի և համագործակցության խնդիրների քննարկմանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնք դադարեցին 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-