Ամենայն հայոց կաթողիկոսը գոհ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ամրացող հարաբերություններից

19.06.2009, 19:43
Ամենայն հայոց կաթողիկոսը գոհ է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ամրացող հարաբերություններից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ուրբաթ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց առավել ամրապնդվող և զարգացող երկկողմ հարաբերությունների, համագործակցության և երկու ժողովուրդների միջև բարի ավանդույթների պահպանման ու զորացման առիթով` կարևոր նկատելով տարբեր ոլորտների գործիչների փոխայցելությունները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց նահանգապետին հայ համայնքի նկատմամբ մարզային իշխանությունների ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար:

Բոոսն իր հերթին ուրախություն հայտնելով հերթական հանդիպման համար՝ ներկայացրեց այցի մանրամասները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև անդրադարձավ Կալինինգրադի մարզում հայ ժողովրդի զավակների աշխույժ համայնքային կյանքին և կարևոր ներդրմանը մարզի կյանքի տարբեր ոլորտներում:-0-