Լեգենդար ռոք երաժիշտ, «Մաշինա վրեմենի» ռոք խմբի մեներգիչ Անդրեյ Մակարևիչը հունիսի 20-ին կայցելի Երևան և Մատենադարանի մոտ ստեղծագործական հանդիպում կանցկացնի «Կիլիկիա» առագաստամավի կողքին՝ ի նշան նավի պահպանման ջանքերի աջակցության, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց միջոցառման համակարգող Ռազմիկ Չրաքյանը:
Արդեն երրորդ տարին է, ինչ լեգենդար առագաստանավը կանգնած է բաց երկնքի տակ՝ սպասելով ծովային թանգարանի կազմավորման հարցի լուծմանը: Կառուցված լինելով միջնադարյան տեխնոլոգիաներով՝ այն մշտական խնամքի ու հետագա գոյության համար համապատասխան պայմաններ ստեղծելու կարիք ունի:
800 տարվա մեջ առաջին անգամ հայկական նավը մեծ նավարկության մեկնեց 2004 թ.-ին՝ կիլիկիացի առևտրականների երթուղով։ Նավը կոչվում էր «Կիլիկիա» և կառուցվել էր Ծովային հետազոտությունների երևանյան «Այաս» ակումբի մասնակիցների կողմից՝ 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով, որոնցով նավարկում էին կիլիկիացի առևտրականները։
Նավը կառուցվել է ըստ միջնադարյան ձեռագրերի և մանրանկարների, կառուցվել է միջնադարյան տեխնոլոգիաների կիրառմամբ։ «Կիլիկիայի» կառուցումը տևել է 10 տարի՝ 1991 թ.-ի մայիսից մինչև 2001 թ.-ի մայիսը։ Երկու տարվա ընթացքում նավը առագաստով փորձարկվել է Սևանա լճում։--0--