ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կաննի կինոփառատոնին մասնակցելու արդյունքում Հայաստանը շուրջ 30 պայմանավորվածություն և տարբեր փառատոների մասնակցելու հրավերներ է ձեռք բերել, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
«Այս տարին հաջող էր հայկական կինոյի համար։ ՀՀ ազգային կինոկենտրոնն առաջին անգամ մասնակցեց Կաննի միջազգային կինոփառատոնին առանձին տաղավարով։ Մենք շուրջ 30 պայմանավորվածություն ենք ձեռք բերել և Մոսկվայի, հետո նաև՝ Սանկտ Պետերբուրգի ու Վենետիկի կինոփառատոներին մասնակցելու հրավերներ»,- ասաց Գևորգյանը։
Կաննում ներկայացվել է շուրջ 30 հայկական գեղարվեստական ու կարճամետրաժ, մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ 2006 թ.-ից նկարահանված ազգային կինոկենտրոնի կողմից։ Բացի այդ, ներկայացվել են անավարտ ֆիլմերի ծրագրերի ամփոփիչ փաթեթները։
Գևորգյանի խոսքով, գերմանական մատակարարող մի ընկերություն վերցրել է Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի», Հարություն Խաչատրյանի «Սահման» և Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» լիամետրաժ ֆիլմերի տեսասկավառակները։
«Ամենամեծ նվաճումն եմ համարում մեր հայրենակցի, Ֆրանսիայի ամենամեծ կինոպրոդյուսերներից մեկի՝ Ալեն Թերզյանի հետ հանդիպումն ու բանակցությունները, ով շուտով «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կայցելի Հայաստան»,- ասաց Գևորգյանը։
Կաննի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1947 թ.-ից և աշխարհի մասշտաբով ամենահեղինակավոր կինոփառատոներից մեկն է համարվում։ 2009թ.-ին մրցույթը Ֆրանսիայի Կանն հանգստավայրում անցկացվել է մայիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։ --0--