Հանրային խորհուրդը կառաջարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին համաներում հայտարարել առաջիկա 1-2 օրվա ընթացքում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
«Համաներում հայտարարելու վերաբերյալ հարցը քննարկման է ուղղվել Հանրային խորհրդի կողմից։ Հունիսի 9-ին Խորհրդի կողմից որոշում է ընդունվել դիմել նախագահին համաներում հայտարարելու առաջարկով։ Վերջնական փաստաթուղթը կներկայացվի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»,- հայտնեց Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ համաներում հայտարարելը Հայաստանի նախագահի սահմանադրական բացառիկ իրավունքն է։
«Հանրային խորհրդի առջև կանգնած չէ վերջնական փաստաթուղթ ներկայացնելու խնդիր։ Խորհուրդը միտված է մշակելու և Հայաստանի նախագահին ներկայացնելու միայն փաստաթուղթ առաջարկի տեսքով»,- ասաց Հովհաննիսյանը։
Խոսելով այն անձանց կատեգորիաների մասին, ում վրա կտարածվի համաներումը, Հովհաննիսյանը նշեց, որ համաներման տակ չեն ընկնի համաներումից հետո կրկնակի հանցագործություն կատարած անձինք, ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ, ինչպես նաև ընտրափաստաթղթերի կեղծումների հետ կապված հանցագործություններ կատարած անձինք։
Անդրադառնալով 2008թ. մարտյան դեպքերի առնչությամբ կալանավորվածների վրա համաներում տարածելու փաստին՝ փորձագետն ընդգծեց, որ համաներման կոնկրետացում այս անձանց նկատմամբ չի նախատեսվում, քանի որ դա համարվում է օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտում։
«Ճիշտ չէ նույն հարթությունում դիտարկել իրավախախտ գործողություններ, որոնք հանգեցրել են մարդու մահվան և տաքացած մարդու պոռթկումը, որի արդյունքում խանութի ցուցափեղկ է կոտրվել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ համաներումը կարող է դրսևորվել ինչպես պատժից լրիվ ազատվելու, նշանակված պատիժն ավելի թեթևով փոխարինելու միջոցով, այնպես էլ կալանքի ժամկետի կրճատումով։ «2008 թվականի մարտյան դեպքերով կալանավորները նույնպես կարող են համաներման տակ ընկնել, եթե չեն մտնում բացառություններից որևէ կարգի մեջ»,-ասաց նա։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին երկրում համաներում հայտարարելու պատրաստակամություն հայտնեց։
Նա առաջարկեց բոլոր քաղաքական ուժերին և հասարակական գործիչներին, մասնավորապես, Հանրային խորհրդին, նախագահի նստավայր ներկայացնել իրենց առաջարկությունները համաներման անցկացման անհրաժեշտության և կարգի վերաբերյալ։
Ավելի վաղ ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նախագահը հնարավոր է՝ համաներում հայտարարի 2008 թվականի մարտի 1-ի զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվածների նկատմամբ։
2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ -0-