ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր, Իրանի 1978-1979 թթ. Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի մահվան 20-րդ տարելիցը նշվեց ուրբաթ Երևանում:
«Արդեն ավանդույթ է դարձել, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այս օրերին ամեն տարի հրավիրվում է Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր Այաթոլլա Խոմեյնուն նվիրված համաժողով»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ նմանատիպ նիստերը պատահական չէ, որ կազմակերպվում են Հայաստանի ԳԱԱ-ում, քանի որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ բնագավառներում մեծ նշանակություն ունի երկու երկրների գիտական, կրթական և մշակութային ոլորտների համար:
Մարտիրոսյանը նշեց, որ Իրանում և Հայաստանում անցկացվող բազմաթիվ համաժողովներին մասնակցել են մասնագետներ երկու երկրներից, իսկ երկու պետությունների գիտական կենտրոններում իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր:
«Հայաստանի անկախության առաջին տարիներին Իրանի ժողովուրդը էական աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին, երբ մեր պետությունը տնտեսական ծանր պայամններում և շրջափակման մեջ էր: Հայ ժողովուրդը երբեք դա չի մոռանա»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահի խոսքերով՝ որքան խորանա հայ-իրանական համագործակցությունն ապագայում, այնքան բազմազան կլինի համատեղ շփումը տարբեր ոլորտներում:
Իր հերթին Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ընթերցելով Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ուղերձը համաժողովի մասնակիցներին, նշեց, որ գիտամշակութային, տնտեսական և քաղաքական ոլորտներում հայ-իրանական հարաբերությունները վառ ապացույցն են նրա, որ երկու ժողովուրդների ոգիները նույն ակունքից են ծագել:
Այաթոլլա Խոմեյնին (Ռուխոլա ալ Մուսավի ալ Խոմեյնի) գլխավորել է շահ Մոհամեդ Ռեզ Փեհլեվիի միապետության տապալումից հետո ստեղծված վարչակազմը 1978-1979 թթ. Իսլամական հեղափոխության արդյունքում: -0-