Վրաց ուղղափառ եկեղեցին վրացական պետության հետ մեկտեղ փորձում է ուծացման քաղաքականություն իրականացնել հայաբնակ Ջավախքում, կարծում է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:
«Վրաց եկեղեցու քաղաքականությունը Սամցխե-Ջավախեթի շրջանում զուգակցված է պետականի հետ: Եթե պետությունը ասիմիլյացիոն գործընթացներ է իրականացնում քաղաքական և հասարակական ոլորտներում, ապա եկեղեցին՝ եկեղեցական ու հոգևոր»,- հայտարարեց նա:
Աբրահամյանի խոսքով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու եկեղեցական քաղաքականությունը առանձնանում է մեծ ագրեսիվությամբ: «Հայերը նրանց համար կարծես հերետիկոսներ լինեն, և եթե, օրինակ, հայ աղջիկը ամուսնանում է վրացու հետ, ապա նրան երկրորդ անգամ են կնքում»,- նշեց նա:
Վրացական եկեղեցու նման քաղաքականությունը, նրա կարծիքով, մասնավորապես բացատրվում է նրանով, որ պատրիարք Իլյա 2-րդը ավելի շատ քաղաքական ու հասարակական գործերով է զբաղված, քան հոգևոր: Նա հայտնեց, որ վերջին շրջանում Ջավախքում կտրուկ մեծացել է վրացի հոգևոր ծառայողների թիվը՝ չնայած այն բանին, որ այդ տարածաշրջանում վրացի հավատացյալներ չկան:
Վրացական եկեղեցին պետության օգնությամբ յուրացնում է մինչև 1800 թ.-ը կառուցված հինավուրց հայկական եկեղեցական համալիրները և եկեղեցիները, ոչնչացնում հայկական արձանագրությունները դրանցում, որպեսզի հետո դրանք ներկայացնեն որպես վրացական և դրա օգնությամբ ապացուցեն, որ հայկական բնակչությունը տարածաշրջանում եկվոր է։
Աբրահամյանը հավելեց, որ եթե բնակչությունը խոչընդոտում է այդ գործողություններին, ապա տարբեր տեսակի ճնշումների է ենթարկվում։
Որպես օրինակ նա բերեց հայկական հինավուրց եկեղեցական Սամսար համալիրի հետ կապված պատմությունը, երբ եկեղեցում հայկական արձանագրությունները ոչնչացնող վրացի հոգևորականներին խանգարած հայ երիտասարդները մի քանի ամիս հետո տարբեր պատճառներով ձերբակալվեցին։ Աբրահամյանը հայտնեց, որ բնակչությունը տեղեկություն ունի այն մասին, որ որոշ վրացի հոգևորականներ զինված են և որ նրանցից շատերը նախկինում դատված են եղել։
Նա նաև նշեց, որ հայ բնակչությանը թույլ չի տրվում նորոգել հինավուրց հայ եկեղեցիները, այլ միայն նորերը կառուցել։ Աբրահամյանի խոսքով՝ եկեղեցիների վերակռուցման ու պաշտպանության պատրվակով վրացական իշխանությունները յուրացնում են հին հայկական եկեղեցիները։
Մեկնաբանելով Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը այս հարցում՝ Աբրահամյանը նշեց, որ «մեր եկեղեցին պասիվ չէ, այն շատ պասիվ է»։
Նա հայտարարեց, որ զարմանք է հարուցում այն փաստը, որ 150 հազար հայ բնակչությամբ Ջավախքում մինչև այժմ առանձին հայկական թեմ չի ստեղծված, քանի որ Թբիլիսիի թեմը հեռավորության պատճառով տարածաշրջանի եկեղեցական կյանքի նորմալ կառավարում չի կարող իրականացնել։
Որպես հակառակ օրինակ նա բերեց մի քանի տասնյակ վրացի ընտանիքների համար Լոռու մարզում առանձին վրացական թեմի ստեղծումը։
Ջավախքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (տարբեր տվյալներով՝ 91-ից 97%) հայեր են։ Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչությունը 238 հազար է։--0—