Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը տեղի է ունեցել ՀՀ կառավարությունում՝ Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Խորհուրդը հիմք է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը», - ասվում է տեղեկատվության մեջ։
Նիստում քննարկվել են կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման ինստիտուցիոնալ նոր համակարգի մեթոդները, ինչպես նաև հանձնաժողովի նոր ձևաչափը։
Ընդգծվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ և համակարգված իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության և հանրային քարոզչության միջոցով շարունակելու է ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի հանրային աջակցություն։
Բացի այդ, կապահովվի ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության պարբերական վերանայումը և ճշգրտումը այլ ոլորտներում և բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության գերակայությունների հետ։
ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին` հանրապետական գործադիր մարմինների, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 15-օրյա ժամկետում քննարկել, լրամշակել նախագիծը և ներկայացնել առաջարկություններ։-0-