Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախռուկովի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին՝ Ռուսաստանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին։ Վախռուկովին Մայր Աթոռում ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Արմավիրի մարզն ու Յարոսլավլի նահանգը սերտ համագործակցում են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում։
«Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել երկու մարզերի միջև ձևավորվող համագործակցության առիթով և մաղթել, որ այն շարունակի բարի պտուղներ պարգևել երկու եղբայրական ժողովուրդներին», - նշեցին տեղեկատվական համակարգից։
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների և երկու հովվապետերի միջև առկա սերտ ու ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Յարոսլավլի մարզի հոգևոր-եկեղեցական կյանքին:-0-