Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց 2009թ. առաջնությունները հետաձգվում են 3 ամսով և կվերսկսվեն այս տարվա սեպտեմբեր ամսից, հայտնեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հետաձգումը բացատրվում է նրանով, որ Հայաստանի առաջնության հանդիպումները Երևանում հիմնականում կայանում էին բուհերին պատկանող մարզադահլիճներում, որտեղ առաջիկա ամիսներին կայանալու են ավարտական և ընդունելության մի շարք քննություններ: Նման իրավիճակում դահլիճների վարձակալությունը առաջնության մասնակիցների համար դառնում է անհնարին:
ՀԲՖ մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ամռանը առաջնության մասնակիցներն այնուամենայնիվ կանցկացնեն մի քանի հանդիպում` հյուրընկալվելով Լեռնային Ղարաբաղի թիմերին:
«ԼՂՀ-ի «Արցախ» մարզական ակումբը ներկայացուցիչներ ունի թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններում, որոնք, նախատեսվածի համաձայն, կանցկացնեն սեփական հարկի բոլոր հանդիպումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-