ՀՀ վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին հանրապետության տոնի առթիվ

27.05.2009, 19:55
ՀՀ վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին հանրապետության տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայրենակիցներին շնորհավորել է մայիսի 28-ին նշվող Առաջին հանրապետության տոնի առթիվ։

«1918թ. մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության հռչակումով»,- ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը կառավարության մամուլի ծառայությունից տրամադրած հաղորդագրության մեջ:

Սարգսյանի խոսքով, առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ, որակներ, որոնք ի հայտ եկան նաև արցախյան  ազատամարտի բովում:

«Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, և մեր ժողովուրդը հաստատակամ է էլ ավելի  ամրապնդելու իր անկախ պետականությունը, հաղթահարելու արդի մարտահրավերները, որպեսզի առավել բարեկեցիկ լինի մեր սերունդների ապագան»,- նշեց վարչապետը:

«Մայիսի 28-ի տոնի նախօրյակին վերստին շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում քաջառողջություն, խաղաղություն և աներեր հավատ հայ ժողովրդի, Հայոց պետականության վաղվա օրվա հանդեպ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության անկախության օրը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 1918-ից մինչև 1920 թվականը։ 1918թ. մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմի փլուզումից և Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայ հեղափոխական դաշնակցության շրջանային ժողովը Թբիլիսիի Հայկական ազգային խորհրդին հանձնեց կառավարության լիազորությունները՝ ազգային կյանքի բոլոր ոլորտներում դիկտատուրայի իրավունքով։

Մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի անկախությունը, իսկ մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան բյուրոների նիստը անկախ Հայաստանի առաջին վարչապետ նշանակեց ճարտարապետ Հովհաննես Քաջազնունուն, իսկ Երևանն ընտրեց որպես նոր պետության մայրաքաղաք։ Հայկական անկախ պետականությունը գոյատևեց մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը։

1918թ. մայիսին հայ ժողովուրդը թուրք զավթիչների նկատմամբ հերոսական հաղթանակ տարավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում։

Այդ ժամանակահատվածում կանոնավոր զորքերի և կամավորների գլխավոր հրամանատարը ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանն էր։ Սարդարապատի գլխավոր ճակատամարտում (մայիսի 21-28) մասնակցել են հայ ժողովրդի այնպիսի զավակներ, ինչպիսն է ԽՍՀՄ մարշալ Հովհաննես  Բաղրամյանը։

1968թ. Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին Արմավիրի մարզում հուշահամալիր կառուցվեց:--0—