Հայաստանում Բենինի առաջին դեսպանը ՀՀ ԱԳՆ ղեկավարին է հանձնել հավատարմագրերի պատճենը

26.05.2009, 19:20
Հայաստանում Բենինի առաջին դեսպանը ՀՀ ԱԳՆ ղեկավարին է հանձնել հավատարմագրերի պատճենը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպան Այի Վիսինտո դ’Ալմեիդան (նստավայրը` Մոսկվա) երեքշաբթի ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց հավատարմագրերի պատճենը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։  

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Հայաստանում Բենինի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը:

Իր հերթին Դեսպան դ’Ալմեիդան ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում բազմաբովանդակ համագործակցության հաստատմամբ, և իր նշանակումը այդ ցանկության վկայությունն է:

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվեց Հայաստանի և Բենինի համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների, հատկապես` ՄԱԿ-ի, նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Այի Վիսինտո դ’Ալմեիդան ծնվել է 1956թ.: Ավարտել է Սորբոնի Փարիզի 1 համալսարանի միջազգային կառավարման բաժինը, Փարիզի հանրային կառավարման միջազգային ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը:

1985 թվականից աշխատում է Բենինի Արտաքին գործերի և համագործակցության նախարարության համակարգում: 2004թ. հոկտեմբերին նշանակվել է Ռուսաստանում Բենինի դեսպան: Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուների:-0-