Երևանի քաղաքապետի պաշտոնի ՀՅԴ կուսակցության թեկնածու Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում Դաշնակցությունը մտադիր է քաղաքային բյուջեի լիակատար վերահսկողությունը հանձնել իր քաղաքական ընդդիմախոսներին։
«Մենք սա շատ կարևոր դրույթ ենք համարում, թեև ոչ մի ուրշ քաղաքական ուժ այս մասին ոչինչ չի ասում»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն 6 քաղաքական կազմակերպություններ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, Օրինաց երկիրը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավոր սոցիալիստական կուսակցությունը և մեկ քաղաքական բլոկ՝ ՀԱԿ-ը։
Մինասյանի խոսքերով՝ ՀՅԴ-ի համար կարևոր է Երևանի Օմբուդսմենի ինստիտուտի ձևավորման հարցը։ Նա նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին հաշվետվությունը ցույց է տվել, որ ամենից շատ Երևանի քաղաքապետարանի հասցեին ուղղված բողոքներ են գալիս օմբուդսմենի գրասենյակ։
Խոսելով ՀՅԴ կուսակցության առավելությունների մասին, որոնք թույլ կտան Երևանի քաղաքապետի նրա թեկնածուին իսկապես հաղթանակի հավակնություն ունենալ՝ Մինասյանը նշեց կադրային քաղաքականությունը, պրոֆեսիոնալիզմը, բարոյականությունն ու հայրենասիրությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։
«Քաղաքապետը պետք է մարմնավորի այս բոլոր ազատությունների պաշտապանությունը և իր սեփական պահվածքով նման մոտեցում դրսևորի»,- ասաց նա։
ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին համարը մյուս բոլոր քեկնածուներին բաց ու հրապարակային բանավեճերի անցկացման կոչ արեց։