ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Բուխարեստում «Միխաիլ Ժորա» համերգասրահում մայիսի 22-ին տեղի ունեցած համերգի ընթացքում հնչեցին հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, երկուշաբթի հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, համերգը կազմակերպել էին Ռումինիայի ռադիոհաղորդումների կորպորացիան` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Արամ Խաչատրյանի ջութակի ու նվագախմբի համար կոնցերտի և «Գայանե» ու «Սպարտակ» բալետներից դրվագների բարձրարվեստ կատարումներով հանդես են եկել Ռումինիայի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր՝ Յին Վանգ (Jin Wang, Չինաստան) և մենակատար` ջութակահար Ալեքսանդրու Տոմեսկու (Aleksandru Tomescu, Ռումինիա):
Համերգը հեռարձակվել է ռումինական ռադիոյով: Միջոցառմանը ներկա են եղել նաև օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ:
Մայիսի 14-ին Հայաստանի դեսպանության օժանդակությամբ տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառմամբ մեկ այլ համերգ Ռումինիայի արևմուտքում գտնվող Սիբիու (Sibiu) քաղաքում` Սիբիուի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, դիրիժոր` Ռադու Պոպա (Radu Popa, Ռումինիա):-0-