ՀՀ կառավարությունը մտադիր չէ հատուկ ռեժիմներ մշակել նոր ԱԷԿ-ի բաժնետոմսերի ձեռքբերման համար

25.05.2009, 12:32
ՀՀ կառավարությունը մտադիր չէ հատուկ ռեժիմներ մշակել նոր ԱԷԿ-ի բաժնետոմսերի ձեռքբերման համար

ՀՀ կառավարությունը մտադիր չէ նոր ռեժիմներ մշակել Հայկական նոր ԱԷԿ-ի բաժնետոմսերի ձեռքբերման համար, լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ բաժնետիրական ընկերություններն ունեն իրենց կանոնները, և բաժնետոմսերը բաշխվում են առքուվաճառքի միջոցով։

«Կլինի բաժնետիրական ընկերություն, ու բաժնետոմսերի առքուվաճառքը կիրականացվի այնպես, ինչպես Հայաստանի այլ ձեռնարկություններում։ Ամեն դեպքում այժմ մեզ մոտ ԱԷԿ-ի համար հատուկ ռեժիմներ իրականացնելու գաղափար չկա», - ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի նոր բլոկի բաժնետոմսերը կարող է ձեռք բերել յուրաքանչյուր երկիր և ընկերություն։

«Մենք որևէ սահմափակում կամ խտրականություն չենք դնում այն երկրների նկատմամբ, որոնք կմասնակցեն նոր էներգաբլոկի բաժնետոմսերի ձեռքբերմանը», - ասել է Մովսիսյանը։

Հայաստանը ծրագրում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալներով՝ այս նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 միլիարդ դոլար։

Նախագծի իրագործման համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով՝ ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին օրենսդրորեն վերացրել է նոր ատոմային բլոկի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011 թ.-ի սկզբին։-0-