Հայաստանը շահագրգռված է Խորվաթիայի հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության ընդլայնմամբ

22.05.2009, 17:55
Հայաստանը շահագրգռված է Խորվաթիայի հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության ընդլայնմամբ

Հայաստանը մեծապես կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում, ուրբաթ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը համաձայնեցին, որ Հայաստանում և Խորվաթիայում բարեկամության պատգամավորական խմբերի ստեղծումը կարող է նպաստել երկու երկրների միջև շփումների զարգացմանը:

Կողմերը նաև արծարծեցին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրա ազդեցությանը երկու երկրների վրա:

Հայաստանի խորհրդարանի նախագահը նաև կարևորեց Խորվաթիայի հաջողությունները եվրոպական չափանիշներին այդ երկիրը   համապատասխանեցնելու գործում: Նա Խորվաթիայի նախագահին հայտնեց հայկական կողմի շահագրգռությունն այդ փորձն ուսումնասիրելու հարցում:
 
Զրույցի  ընթացքում կողմերը նաև քննարկեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Խորվաթիայի համագործակցությանը վերաբերող մի  շարք հարցեր:

Մեսիչն առաջին աշխատանքային այցով մայիսի 21-23-ը Երևանում է գտնվում ՀՀ նախագահի հրավերով։ Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը: --0--