ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ մամուլի ասուլիսում կոչ է արել զերծ մնալ մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների սադրանքներից և միևնույն համատեքստում չդիտարկել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցերը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
«Հայ-թուրքական հարաբերություններն ինքնուրույն հարց է, որը քննարկվում է բանակցությունների ժամանակ, այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության բանակցությունները միանգամայն այլ թեմա են»,- կարծում է ՀՀ նախագահը։
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին հարցին՝ հայկական երկրի ղեկավարը կարծում է, որ Թուրքիան դեռևս մեծ հնարավորություններ ունի միջազգային հանրությունը և Հայաստանի քաղաքացիներին համոզելու, որ ժամանակակից երկիր է, որն առաջնորդվում է միջազգային իրավունքի ժամանակակից սկզբունքներով և դրույթներով։
«Դժվար խնդիրների լուծումը մեծ ուժեր է պահանջում, և այդ դժվար ճանապարհն անցնելու ընթացքում ակնհայտ է դառնում, որ և Հայաստանում, և Թուրքիայում, և այլ երկրներում կլինեն և լավատեսներ, և հոռետեսներ, ովքեր, չունենալով ամբողջական տեղեկատվություն՝ կարող են տարբեր կերպ արտահայտել իրենց զգացմունքները՝ ուրախությունն ու դժգոհությունը, լավատեսությունն ու հոռետեսությունը»,- ասաց Սարգսյանը։
Այս համատեքստում նախագահը նշեց, որ ինքն ի սկզբանե չի կիսել ոմանց ավելորդ լավատեսությունը, և ներկայումս այնքան էլ հիասթափված չէ հոռետեսական տրամադրություններից։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-