Խորվաթիայի նախագահը Հայաստան կժամանի հինգշաբթի երեկոյան

21.05.2009, 13:41
Խորվաթիայի նախագահը  Հայաստան կժամանի հինգշաբթի երեկոյան
Խորվաթիայի նախագահը  Հայաստան կժամանի հինգշաբթի երեկոյան

Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հինգշաբթի երեկոյան կժամանի Հայաստան, տեղեկացրեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությունից ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Խորվաթիայի նախագահի՝ Հայաստան առաջին այցի հիմնական նպատակն է ամրապնդել միջպետական կապերը, նախանշել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրները, խթանել գիտակրթական և մշակութային կապերի զարգացումը», - նշել են մամուլի ծառայությունից։

Մայիսի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Խորվաթիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը: Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական փաստաթղթեր:

Հայաստանի և Խորվաթիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում Ստյեպան Մեսիչը հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Խորվաթիայի նախագահը կայցելի նաև Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում։

Երևանի պետական համալսարանում Ստյեպան Մեսիչը  հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Հայաստան այցի օրերին Խորվաթիայի ղեկավարը կլինի նաև Մատենադարանում:

Մայիսի 23-ին նախագահ Մեսիչը կմեկնի Հայաստանից:-0-